Իլհամ Ալիև. Եվրոպան մի կողմից մեզ խնդրում է ավելացնել գազի արդյունահանումը և Եվրոպա փոխադրումը, քանի որ դրա կարիքն ունեն, մյուս կողմից՝ չեն ֆինանսավորում
Իլհամ Ալիև. Եվրոպան մի կողմից մեզ խնդրում է ավելացնել գազի արդյունահանումը և Եվրոպա փոխադրումը, քանի որ դրա կարիքն ունեն, մյուս կողմից՝ չեն ֆինանսավորում

«Եվրոպան մի կողմից մեզ խնդրում է ավելացնել գազի արդյունահանումը և Եվրոպա փոխադրումը, քանի որ դրա կարիքն իրենք ունեն , մյուս կողմից՝ չեն ֆինանսավորում»,- Շուշի գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ուզում են, որ հարավային գազային միջանցքը ընդլայնենք՝ 16 մլրդ խմ-ից հասցնել 32 մլրդ խմ-ի, խոսքը Անդրանատոլիական խողովակաշարի մասին է։ Անդրադրիատիկ գազատարը 10 միլիարդից հասցնենք 20 միլիարդ խորանարդ մետրի։ Այնտեղ պետք է միլիարդներ ներդնենք։ Կարող եմ ասել, որ մենք դեռ չենք քաղել Հարավային գազային միջանցքում մեր ներդրումների ողջ օգուտը։ Նրանք ակնկալում են, որ մենք միլիարդներ կներդնենք այնտեղ։ Բացի այդ, ասում են, որ տասը տարի հետո Եվրամիությունը գազի կարիք այլ.ս չի ունենա։ Այսպիսով, մենք հիմա՞ր ենք, որ տասնյակ միլիարդավոր դոլարներ ներդնենք գազի մեջ, որն իրենց պետք չի լինի»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին և ասել, որ երկրի հարաբերությունները հանրապետականների վարչակազմերի հետ հաջող են եղել և կենտրոնացած են արդյունքների վրա։

«Մենք շատ արդյունավետ համագործակցություն ունեցանք նախագահ Թրամփի օրոք։ Դրանք կառուցվել են փոխադարձ հարգանքի և փոխադարձ աջակցության վրա։ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները միշտ կայուն են եղել: Եղել են վերելքներ ու վայրէջքներ, որոնք մեր մեղավորությամբ չեն եղել։ Նրանք փորձել են միջամտել մեր քաղաքական կյանքին, փորձել են ֆինանսավորել քաղաքական ընդդիմությանը»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը կարևորել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները և ասել, որ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում, վաղուց դադարել են գոյություն ունենալ։