Իլհամ Ալիև. Թուրքիա-Ադրբեջան միասնությունը կարևոր գործոն է դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիայի համար
Թուրքիա-Ադրբեջան միասնությունը կարևոր գործոն է դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիայի համար,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցի ժամանակ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Ալիևը նշել է, որ Թուրքիան կապված է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի բազմաթիվ խնդիրների հետ։
«Այսօր աշխարհում խոսում են Թուրքիայի մասին»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Թուրքիան տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության երաշխիքն է։ Նրա խոսքով, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Թուրքիան մշտապես եղել է Ադրբեջանի կողքին։
«Մեր պատմական հարցը, որը մենք չկարողացանք խաղաղ ճանապարհով լուծել, լուծվեց մարտի դաշտում։ Ադրբեջանցի ժողովուրդը չի մոռանա Թուրքիայի աջակցությունը։ Թյուրքական աշխարհի միավորումը և ընդհանուր մշակույթներ ունեցող ժողովուրդների համակեցությունը կուժեղացնի Թյուրքական պետությունների կազմակերպության յուրաքանչյուր անդամի»,- ասել է Իլհամ Ալիևը։