Իլհամ Ալիև. Պակիստանը օկուպացիայի պատճառով դիվանագիտական հարաբերություններ չխորացեց Հայաստանի հետ, մենք եղբայրներ ենք, ընկերներ, աջակցում ենք միմյանց միջազգային կարևորության բոլոր հարցերում և գործերում
«Մենք եղբայրներ ենք, ընկերներ, աջակցում ենք միմյանց բոլոր հարցերում, միջազգային կարևորության բոլոր գործերում և միջազգային կառույցներում»,- Պակիստան կատարած այցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը Ջամուի և Քաշմիրի հարցում աջակցում է Պակիստանին, իսկ Ադրբեջանը միշտ կլինի քաշմիրցիների կողքին։
Բացի այդ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Պակիստանը ղարաբաղյան հակամարտության ժամանակ միշտ եղել է Ադրբեջանի կողքին։
«Մենք՝ ողջ ադրբեջանական ժողովուրդը, շատ լավ գիտենք, որ օկուպացիայի ժամանակ Պակիստանն այն սակավաթիվ երկրներից էր, որը միշտ աջակցում էր մեզ։ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների միանշանակ հայտարարությունները Ադրբեջանին սատարելու, ինչպես նաև նրանց քաղաքական աջակցությունը ղարաբաղյան Երկրորդ պատերազմի՝ Հայրենական պատերազմի ժամանակ մեր երկրի արդար դիրքորոշմանը, մեզ լրացուցիչ ուժ տվեց։ Պակիստանը օկուպացիայի պատճառով դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց Հայաստանի հետ։ 2020 թվականի նոյեմբերի Հաղթանակի օրը մեր ժողովուրդը կրում էր Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի դրոշները։ Սա եզակի է դարձնում մեր հարաբերությունները: Այս հիմքի վրա է կառուցվել նաև մեր այսօրվա քննարկումը, որի նպատակն էր լրացնել այդ հարաբերությունները գործնական նախագծերով»,- ասել է Իլհամ Ալիևը։
Իր հերթին Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը նշել է, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը արդարության հաղթանակի օրինակ է։
«Այս բոլոր տասնամյակների ընթացքում Պակիստանը միշտ պաշտպանել է ձեր դիրքորոշումը։ Նմանապես, իմ սիրելի եղբայր, դուք միշտ աջակցել եք քաշմիրցիների գործին, այն միլիոնավոր մարդկանց, ովքեր յոթ տասնամյակների ընթացքում հսկայական զոհողություններ են արել՝ հասնելու իրենց ինքնորոշման իրավունքին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան: Ադրբեջանը Մերձավոր Արևելքի այլ երկրների՝ Թուրքիայի հետ միասին այն բարեկամ, եղբայրական երկրներից մեկն է, որն աջակցում է Քաշմիրի գործին»,- ասել է Պակիստանի կառավարության ղեկավարը։
Պակիստան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահը Պակիստանի կառավարության հետ տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագրեր է ստորագրել։