Իլհամ Ալիև - Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում «Միջին միջանցքի» կարևորությունը մեծանում է, Զանգեզուրի միջանցքը կշարունակի ամրապնդել Ասիան և Եվրոպան կապող տրանսպորտային կապը
Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում «Միջին միջանցքի» կարևորությունը մեծանում է: Զանգեզուրի միջանցքը կշարունակի ամրապնդել Ասիան և Եվրոպան կապող տարածաշրջանային տրանսպորտային կապը,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ սա կնպաստի տրանսպորտային, էներգետիկ և թվային ցանցերի ընդլայնմանը։
Ինչպես նշել է Ալիևը, Ադրբեջանը շարունակում է կարևոր դեր խաղալ էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ինչը նպաստում է տարբեր տարածաշրջանների կայուն և դիվերսիֆիկացված էներգամատակարարմանը։
«Հակամարտության ավարտը նաև նոր հնարավորություններ է ստեղծել Ադրբեջանի համար՝ ընդլայնելու իր միջազգային ներգրավվածությունը: Ադրբեջանի նախագահությունը Թուրքալեզու պետությունների կազմակերպությունում և Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովում, նրա անդամակցությունը D-8 տնտեսական համագործակցության կազմակերպությանը, Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպումների անցկացումը և COP29-ի հաջող անցկացումը արտացոլում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության նկատմամբ միջազգային վստահության աճը», – նշել է Իլհամ Ալիևը։