Իլհամ Ալիև. Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյին, մեզ խոսքեր չեն պետք, այլ՝ փաստաթղթեր
Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյին, մեզ խոսքեր չեն պետք, այլ՝ փաստաթղթեր, – այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն վստահություն չունի, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս կառավարության նկատմամբ, և նրանց ասածն Ադրբեջանի համար ոչ մի նշանակություն չունի։
«Մեզ անհրաժեշտ են փաստաթղթեր, անհրաժեշտ են գրավոր երաշխիքներ։ Պետք է, որ նրանց սահմանադրությունը չունենա որևէ տարածքային պահանջ Ադրբեջանից։
Այդ պահանջները դեռ առկա են։ Մեզ անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք հայտարարում ենք, որ Մինսկի խմբի պահպանումն անտրամաբանական է։
Այն ստեղծվել էր Ղարաբաղի հարցի լուծման համար։ Այսօր այդ հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
Ինչո՞ւ նրանք չմիացան ԵԱՀԿ-ում Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ հայտարարությանը։ Նրանք դա չեն ուզում։
Այսպիսով, նրանք ցանկանում են պահպանել «իրենց դիրքերի մի մասը» մեր տարածքում, այժմ, իհարկե, վիրտուալ ձևաչափով։
Իսկ այն, որ նրանք ավելացնում են իրենց ռազմական ներուժը, ինչի՞ մասին է վկայում։ Սա ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի», – հայտարարել է Իլհամ Ալիևը։