Իլհամ Ալիև. Էներգետիկ անվտանգության հարցերն այսօր առավել քան երբևէ, Եվրամիության և Ադրբեջանի միջև երկարաժամկետ, հուսալի էներգետիկ համագործակցությունը մեծ առավելություն է

17:30, 18.07.2022

Էներգետիկ անվտանգության հարցերն այսօր ավելի քան երբևէ կարևոր են, Եվրամիության և Ադրբեջանի միջև երկարաժամկետ, կանխատեսելի, հուսալի համագործակցությունը էներգետիկայի ոլորտում մեծ առավելություն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դերի հետ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Եվրամիության և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Իլհամ Ալիևի խոսքով՝ էներգետիկ ոլորտում Եվրամիության հետ իրենց ակտիվ համագործակցությունը շարունակվում է արդեն 50 տարի։

«Այսօր մենք լավ քննարկումներ ունեցանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ։ Մենք անդրադարձել ենք բոլոր այն հարցերին, որոնք ունենք օրակարգային։ Մենք ունեցել ենք ռազմավարական գործընկերության մասին Եվրամիության և Ադրբեջանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։ Մեր ակտիվ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում 50 տարվա վաղեմություն ունի։ Մենք լավ պատմություն և ձեռքբերումներ ունենք։ Ադրբեջանի նախաձեռնած էներգետիկ նախագծերը, որոնց աջակցում են Եվրամիության և այլ գործընկերները, ամբողջովին փոխում են Եվրոպայի էներգետիկ քարտեզը։ Սկսեցինք նավթի արդյունահանումից, հետո գազի արդյունահանումից և նավթամուղի կառուցումից, որը կապում էր Կասպից ծովը Սև և Միջերկրական ծովերի հետ։ Նաև 3500 կիլոմետր երկարությամբ Հարավային գազային միջանցքը, որով մեր գազը հասցվում է եվրոպական մայրցամաք։

Էներգետիկ անվտանգության հարցերն այսօր առավել քան երբևէ կարևոր են, և Եվրամիության և Ադրբեջանի միջև երկարաժամկետ, կանխատեսելի, հուսալի էներգետիկ համագործակցությունը մեծ առավելություն է։ Այս տարի մենք Եվրամիության հետ սկսեցինք էներգետիկ երկխոսություն՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ, ներառյալ նավթը, գազը, վերականգնվող աղբյուրները և ջրածնային էներգիան: Ադրբեջանում վերականգնվող էներգիայի մեծ ներուժը դիտարկում է նաև Եվրամիությունը։ Մենք արդեն սկսել ենք քամու և արևային էներգիայի ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնել, մեր ներուժի առաջին գնահատականներն արդեն արել ենք։ Ասեմ, որ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ազատագրված տարածքները հողմային և արևային էներգիայի ներուժ ունեն։ Մենք ունենք հսկայական ռեսուրսների բազա, գումարած գազի նոր հանքավայրեր, որոնք մենք կզարգացնենք առաջիկա տարիներին: Մենք ունենք շատ շահեկան իրավիճակ, որը ստեղծվել է մեր ջանքերով, որոնց աջակցում է Եվրոպական միությունը, և այսօրվա հուշագիրը ճանապարհային քարտեզ է ապագայի համար: Մեր ծրագրերի իրականացումը կավելացնի ընդհանուր շրջանառությունը՝ ի շահ մեր ժողովրդի, և ես վստահ եմ, որ Ադրբեջանի և Եվրամիության համագործակցությունը մեծ ապագա կունենա, և մենք կհասնենք այն ամենին, ինչ ծրագրել ենք», – ասել է Իլհամ Ալիևը։

Նմանատիպ