Իլհամ Ալիև. Դուք պետք է լավ հարաբերություններ ունենաք ոչ միայն ձեր հարևանների, այլև ձեր հարևանների հարևանների հետ, դրա համար անհրաժեշտ է ակտիվ դիվանագիտություն և հուսալի գործընկերոջ լավ կերպար

18:59, 19.07.2025

«Հարեւանների հետ լավ հարաբերությունների բացակայության դեպքում անհնար է դառնալ տարանցիկ երկիր», – այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Շուշայում կայացած գլոբալ մեդիաֆորումում՝ պատասխանելով Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով, Ադրբեջանը ձգտում է ցույց տալ, որ հուսալի գործընկեր է, եւ իր խոսքը նույն արժեքն ունի, ինչ ստորագրությունը։

«Կապի (տրանսպորտային) ապահովման ամենակարեւոր գործոններից մեկն է լավ հարաբերությունները հարեւանների հետ, քանի որ առանց դրա դու չես կարող դառնալ տարանցիկ երկիր։ Պետք է ունենաս ոչ միայն լավ հարաբերություններ քո անմիջական հարեւանների, այլեւ նրանց հարեւանների հետ։ Դրա համար անհրաժեշտ է ակտիվ դիվանագիտություն եւ հուսալի գործընկերոջ կերպար։ Այն, ինչին մենք ձգտում ենք վերջին տասնամյակների ընթացքում, վստահության կառուցումն է՝ ցույց տալու համար, որ մենք հուսալի գործընկեր ենք եւ մեր խոսքը նույնքան արժեք ունի, որքան ստորագրությունը», – ասել է Ալիեւը։

Ադրբեջանի նախագահը խոսել է նաեւ Սեւ ծովով անցնող կանաչ էներգետիկ կաբելի նախագծի մասին, որն իրականացվում է Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի եւ Հունգարիայի մասնակցությամբ։

«Դուք տեսնում եք, որ կապը դուրս է գալիս Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի սահմաններից ու միավորում է դրանք։ Կոնտակտի կետը, ես կասեի, Ադրբեջանն է, քանի որ քեզ դուր գա թե ոչ՝ աշխարհագրությունը փոխել հնարավոր չէ։ Սակայն աշխարհագրությունը միշտ չէ, որ ապահովում է անվտանգություն, կայունություն եւ առաջընթաց։ Անհրաժեշտ է աշխարհագրությունն օգտագործել լավ նպատակներով։ Այսպիսով, արդեն իսկ տեսանելի է, հաշվի առնելով այն համաձայնագրերը, որոնք մենք ստորագրել ենք Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ, որ Ադրբեջանը կդառնա մի հաբ՝ կանաչ էներգիայի տեղափոխման, արտադրության եւ բաշխման համար», – նշել է Ալիեւը։

Ինչ վերաբերում է ավանդական էներգառեսուրսներին, Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը հասել է այն ամենին, ինչ նախատեսված էր։ Նա հավելել է, որ Եվրոպային այժմ ավելի շատ գազ է անհրաժեշտ Ադրբեջանից, եւ Բաքուն պատրաստ է բավարարել այդ պահանջը։

Նմանատիպ