Իլհամ Ալիև. Դոնալդ Թրամփը առանձնահատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի առաջխաղացման գործում
Դոնալդ Թրամփն առանձնահատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում. այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, Եվրոպական և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթակոմիտեի նախագահ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ հանդիպման ժամանակ։
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ ընտրվելուց հետո համագործակցության և փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։
Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը շատ կարևոր է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար։
Ալիևը խոսել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման կարևորության մասին։
Սենատոր Սթիվ Դեյնսն իր հերթին նշել է, որ երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում հաջողությամբ են զարգանում, և ընդգծել, որ անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանի նախագահի այցը Վաշինգտոն կարևոր իրադարձություն էր։
Սթիվ Դեյնսը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության օրակարգի հարցում նրա առաջնորդության համար։