Իլհամ Ալիև - Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան կապող ևս մեկ նախագիծ իրականացման փուլում է
Մենք կարող ենք հպարտանալ մայրցամաքները կապող ոլորտում մեր նվաճումներով։ Երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելով՝ մենք բացում ենք նոր միջանցքներ տրանսպորտի համար,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում։
Նրա խոսքով՝ շուտով կավելանա Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ՝ Զանգեզուրի միջանցքի տեսքով։
«Արևելք-Արևմուտք միջանցքը հաջողությամբ գործում է։ Զանգեզուրի միջանցքը, որը կլինի Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ միջև Սպիտակ տանը 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի հիման վրա», – ասել է Իլհամ Ալիևը։
Ալիևը նաև խոսել է Սև ծովի ստորջրյա մալուխի կարևորության մասին՝ նշելով, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է տարածաշրջանի երկրների հետ այս հարցում։
«Այսօր մենք սերտորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ էներգետիկ մալուխների հարցում։ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան կապող ևս մեկ նախագիծ նույնպես իրականացման փուլում է», – նշել է Ալիևը։