Իլհամ Ալիև. Ադրբեջանական գազը մուտք է գործել Եվրամիության ևս երկու անդամ պետություն՝ Գերմանիա և Ավստրիա
Վերջերս ադրբեջանական գազը մուտք է գործել Եվրամիության ևս երկու անդամ պետություն՝ Գերմանիա և Ավստրիա. այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Կայա Կալլասի հետ հանդիպման ժամանակ։
Ալիևն ընդգծել է, որ Եվրամիությունը Ադրբեջանի գլխավոր առևտրային գործընկերներից մեկն է, և միևնույն ժամանակ Բաքուն միշտ եղել է ԵՄ հուսալի գործընկերը էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից։
Ինչպես գրում է ադրբեջանական մամուլը, զրույցի ընթացքում քննարկվել է ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացը և շեշտվել են Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի ամրապնդմանն ուղղված քայլերը։
Նրանց փոխանցմամբ՝ նշվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատված են տնտեսական և առևտրային հարաբերություններ։ Այս առումով ասվել է, որ Բաքուն միակողմանիորեն հանել է Հայաստանով տարանցիկ բեռնափոխադրումների սահմանափակումները։ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը «Եվրոպական քաղաքական համայնքի» 8-րդ գագաթնաժողովին, որը մի քանի օր առաջ Երևանում անցկացվել է տեսակապի ձևաչափով, գնահատվել է որպես պատմական իրադարձություն։ Ինչպես նշվել է հանդիպմանը, այժմ Ադրբեջանի և Եվրամիության օրակարգում են թվային տրանսֆորմացիայի, արհեստական բանականության, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում համագործակցության հարցերը։ Զրույցի ընթացքում դրական է գնահատվել Եվրամիության աջակցությունը Ադրբեջանին ականազերծման ոլորտում և նշվել է, որ «Թրամփի երթուղի» նախագծի մեկնարկը լավ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում կապերի տեսանկյունից։
Իր հերթին Կայա Կալլասը խոսել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի Ադրբեջան կատարած այցի ժամանակ համատեղ հայտարարության ընդունման կարևորության և այդ փաստաթղթում Ադրբեջանի ու Եվրամիության միջև հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին։