Իլհամ Ալիեւը ցավակցություն է հայտնել Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Բաթումիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Իլհամ Ալիեւը ցավակցություն է հայտնել Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Բաթումիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցավակցություն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Բաթումիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Իմ և ադրբեջանցի ժողովրդի անունից խորին զորակցությունն եմ հայտնում ողբերգության կապակցությամբ և ցավակցում ձեզ, զոհվածների ընտանիքներին և մտերիմներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», – Ալիեւի խոսքը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 7 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:

Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:

Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են եւս երեք մարդու:

Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում:

Վարչապետի որոշմամբ, հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: