Իգոր Դոլգովը հեռանում է Վրաստանից
Իգոր Դոլգովը հեռանում է Վրաստանից

Վրաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Իգոր Դոլգովը լքում է Վրաստանը։ Իգոր Դոլգովի ուղերձը հրապարակված է Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Հարգարժան հայրենակիցներ, Վրաստանի քաղաքացիներ, սիրելի բարեկամներ:

Այսօր ես Թբիլիսիից ուղևորվում եմ Վարշավա, իսկ հետո Կիև։ Կնոջս հետ Վրաստան ենք եկել 2017 թվականին։ Հիմա ինձ թվում է, որ դա ուրիշ կյանքում էր։ Միասին մենք ուկրաինա-վրացական հարաբերությունները բարձրացրեցինք ռազմավարական գործընկերության մակարդակի, միասին անցանք համաճարակի դժվարին տարիները, փորձեցինք չկորցնել դինամիկան թե՛ առևտրի, թե՛ շփումների մեջ։

Պատերազմը փոխեց ամեն ինչ: Այս տարվա փետրվարի 24-ից հետո բոլորս փոխվել ենք։ Մենք երախտապարտ ենք այն աջակցության համար, որը զգացինք պատերազմի առաջին օրերից, մարդասիրական օգնության համար, այն բանի համար, որ Վրաստանն ու վրացիները բացեցին իրենց դռներն ու սրտերը պատերազմից և օկուպացիայից փախած ուկրաինացիների առաջ։

Աշխարհն աջակցում է Ուկրաինային, Ուկրաինան ստանում է աննախադեպ օգնություն, պուտինյան Ռուսաստանի շուրջ մեկուսացման շրջանակը փոքրանում է։ Մենք գիտենք և միշտ կհիշենք, որ այսօր ամեն ինչ կախված է բանակից, Ուկրաինայի զինված ուժերից, և երբեք չենք մոռանա, որ վրացիները կանգնած են ուկրաինացիների կողքին, և նրանք իրենց կյանքը զոհում են մեր և ձեր ազատության համար։ Հավերժ հիշատակ հերոսներին:

Շնորհակալություն բոլորին, ում հետ այս տարիների ընթացքում հնարավորություն եմ ունեցել աշխատելու Վրաստանում։ Վստահ եմ, որ մեր երկու եղբայր ժողովուրդները կանեն ամեն ինչ Ուկրաինայի և Վրաստանի միջև հարաբերություններն ամրապնդելու համար։ Փա՛ռք Ուկրաինային։ Փառք Վրաստանին», ասված է Դոլգովի ուղերձում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին հետ է կանչել դեսպանին Վրաստանից։ Ուկրաինայի նախագահը դեսպանին պաշտոնանկ անելու մասին հայտարարեց հունիսի 26-ին։ Իգոր Դոլգովը մինչ այժմ մնացել է Վրաստանում։