Ի պատասխան Ադրբեջանի կառավարության որոշման՝ Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի
Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի։ Նշված որոշումը Ֆրանսիայի կառավարությունն ընդունել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը երկու ֆրանսիացի դիվանագետների պերսոնա նոն գրատա է հայտարարել։
«Ֆրանսիան կտրականապես հերքում է Ադրբեջանի մեղադրանքները՝ արդարացնելու սեփական որոշումը։ Ի պատասխան՝ Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի»,- ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, այս մասին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն արդեն տեղեկացվել է, երբ նրան կանչել են նախարարություն։
Տեղեկության համար, երեկ Ադրբեջանում երկու ֆրանսիացի դիվանագետներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ վտարվել են երկրից՝ իրենց դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի գործողությունների համար։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված դեսպանատան աշխատակիցների արտաքսումը, հայտնի չէ։
Մինչ այդ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ հայտնաբերվել է ֆրանսիական լրտեսական ցանց, որի գործունեությունը տարածվում է Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի տարածաշրջանի, Ուկրաինայի և Մոլդովայի վրա։