Հյուսիսային Մակեդոնիայի խնդրանքով Բուլղարիան օդային տարածք է բացել Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար, Լավրովը կմասնակցի Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ մինիստերիալին
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Սերգեյ Լավրովն առաջին անգամ կայցելի ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Նա նախատեսում է մասնակցել ԵԱՀԿ նախարարական նիստին Հյուսիսային Մակեդոնիայում, որը տեղի կունենա ամսվա վերջին։
Հյուսիսային Մակեդոնիան, որը նախագահում է ԵԱՀԿ-ն, Լավրովին հրավիրել է անցյալ շաբաթ մասնակցել նախարարների հանդիպմանը։ Ուկրաինայի պատերազմից հետո ՆԱՏՕ-ի անդամներն արգելեցին Ռուսաստանին թռչել իրենց երկրների վրայով։ Բուլղարիան բացել է Լավրովի ինքնաթիռի օդային տարածքը Հյուսիսային Մակեդոնիայում վայրէջք կատարելու համար։
Ըստ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության՝ նշված թույլտվությունը տրվել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ Սկոպյեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու խնդրանքով։ Բացառությունը չի վերաբերում ՌԴ ԱԳ նախարարի պատվիրակության անդամներին, որոնք Եվրամիության կողմից պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում են։