Հյուսիսային Կորեան ընդունել է Հարավային Կորեայի հետ բանակցություններ անցկացնելու առաջարկը
Հյուսիսային Կորեան ընդունել է Հարավային Կորեայի հետ բանակցություններ անցկացնելու առաջարկը

Հարավային Կորեան եւ Հյուսիսային Կորեան հաջորդ շաբաթ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարությունը:

Ճեպազրույցի ժամանակ գերատեսչության ներկայացուցիչ Պեկ Թհե Հոն հայտնել է, որ ավելի վաղ Փհենյանը հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Լի Սոն Կվոնի անունից հեռագիր է ուղարկել, որ հունվարի 9-ին իր պատվիրակությանը բանակցությունների կուղարկի, որոնք կանցկացվեն ապառազմականացված գոտու Փհանմունջոմ բանակցային կետում:
Բանակցությունների հիմնական հարցը երկկողմ հարաբերություններն են՝ ներառյալ համագործակցությունը Փհենչհանում Օլիմպիական խաղերի նախապատրաստման գործում: Համաձայնության հասնելու դեպքում 2 կողմերն այն կքննարկեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ:

Վերջին անգամ Հյուսիսային Կորեայի եւ Հարավային Կորեայի միջեւ բարձր մակարդակի բանակցություններ անցկացվել են 2015 թվականի դեկտեմբերին:
Նախօրեին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել էր բացել Փհենյանի եւ Սեուլի միջեւ երկար ժամանակ չգործող «թեժ գիծը»: Նույն օրը 2 երկրների ներկայացուցիչները կապի վերականգնված խողովակով հեռախոսային բանակցություն են վարել: