Հույս ունենք, որ հնարավոր կլինի փրկել Մարիուպոլի պաշտպանների կյանքը. Վոլոդիմիր Զելենսկի
Մենք հույս ունենք, որ Մարիուպոլի պաշտպանների կյանքը կփրկվի, – այս մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Զելենսկին ասում է, որ ուկրաինացի հերոսներն Ուկրաինային ողջ են պետք։
«Հեշտ օր չէր։ Սակայն այս օրը, ինչպես բոլոր մյուսները, միտված է պաշտպանելու մեր երկիրը և մեր ժողովրդին։ Ինչ վերաբերում է Մարիուպոլում տիրող իրավիճակին, ապա ուկրաինացի զինվորականների, ուկրաինական զինված ուժերի, հետախուզության, ինչպես նաև բանակցային թիմի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի օգնությամբ մենք հույս ունենք փրկել մեր տղաների կյանքը։ Նրանց թվում կան վիրավորներ, նրանք օգնության կարիք ունեն։ Ուզում եմ ընդգծել Ուկրաինայի հերոսներին կյանք է պետք։ Սա է մեր սկզբունքը։ Կարծում եմ՝ բոլոր ադեկվատ մարդիկ կհասկանան այս խոսքերը։ Մարիուպոլի պաշտպանների փրկարարական գործողությունը սկսել են ուկրաինացի զինվորականներն ու լրտեսները։ Աշխատանքը շարունակվում է՝ մեր տղաներին տուն վերադարձնելու համար, և այդ աշխատանքը պահանջում է նրբություն և ժամանակ»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ Ուկրաինան սկսել է Մարիուպոլի պաշտպաններին ազատ արձակելու գործողություն։