Լյուք Քոֆի. Հուսով եմ, որ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը մասնավոր զրույցներում կհորդորի Վրաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին՝ միավորվել
Հուսով եմ, որ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը Վրաստանում կհանդիպի տարբեր քաղաքական առաջնորդների հետ` համոզելու նրանց, որ ինչ-որ տիպի փոխզիջման կարիք կա, – ասել է «Heritage Foundation» ամերիկյան հետազոտական կազմակերպության արտաքին քաղաքականության կենտրոնի տնօրեն Լյուք Քոֆին` Վրաստանի ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում:
Ըստ Քոֆիի, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի այցը Վրաստան կարևոր է և որքան շատ լինի նման այցերը, այնքան ավելի լավ հարաբերություններ կլինեն ԱՄՆ-ի և Վրաստանի միջև:
«Շատ լավ է, որ պաշտպանության քարտուղար Օսթինը կայցելի Վրաստան: Մոտ մեկ տարի է անցել այն օրվանից, ինչ ԱՄՆ-ի կառավարության անդամը վերջին անգամ այցելել է Վրաստան, և ես կարծում եմ, որ որքան շատ լինեն նման այցերը, այնքան ավելի լավ հարաբերություններ կլինեն ԱՄՆ-ի և Վրաստանի միջև: Հուսով եմ, որ նա մասնավոր զրույցներում կոչ է անելու բոլոր քաղաքական կուսակցություններին միավորվել: Ներքին հակասությունները, որոնք դրսից են նկատվում Վրաստանում, բազմաթիվ հարցեր են առաջացնում Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հուսով եմ, որ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը կհանդիպի Վրաստանի տարբեր քաղաքական առաջնորդների հետ՝ նրանց վստահեցնելու համար, որ ինչ-որ փոխզիջում է անհրաժեշտ երկրում քաղաքական լարվածությունը թուլացնելու համար», – ասել է Լյուք Քոֆին:
Նա խոսեց նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Քոֆիի խոսքով, 3 + 3 հարթակն անընդունելի է Վրաստանի համար եւ ոչինչ չի բերում: Ըստ ամերիկացի փորձագետի, Վրաստանը պետք է պրագմատիկ հարաբերություններ պահպանի իր հարևանների հետ և շարունակի եվրաինտեգրման ընթացքը:
«Վրաստանը պետք է ամեն ինչ անի հարեւանների հետ լավ հարաբերություններ պահպանելու համար: Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում դա համեմատաբար հեշտ է անել, չնայած որ այս բոլոր երկրների հետ նույնպես կան որոշ խնդիրներ: Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն անհավանական են, քանի որ այն շարունակում է Վրաստանի 20 տոկոսի օկուպացիան: Վրաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ պրագմատիկ հարաբերություններ ունենալու համար և միևնույն ժամանակ շարունակի եվրատլանտյան և եվրոպական ինտեգրման ճանապարհը», – ասել է Լյուք Քոֆին:
Նրա խոսքով, Բայդենի վարչակազմը կաջակցի Վրաստանի եվրատլանտյան կուրսին, սակայն անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը եւ Եվրոպան կոնկրետ նախաձեռնություններ ներկայացնեն ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության համար:
Քոֆին կարծում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի այցը Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա կարևոր է, քանի որ նա ժամանում է այս երկրներ նախքան ՆԱՏՕ-ի կենտրոնակայան մեկնելը:
«Շատ լավ է, որ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը գալիս է Վրաստան, Ուկրաինա եւ Ռումինիա, քանի որ շատերը Վաշինգտոնից պահանջում էին ավելի լավ մոտեցում մշակել Սեւծովյան տարածաշրջանի նկատմամբ: Բայց ամենակարևորը՝ Լոյդ Օսթինը կժամանի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա՝ նախքան Բրյուսելում նախատեսված ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալը: Հուսանք, որ պաշտոնյաները, որոնց նա կհանդիպի Թբիլիսիում, Կիևում և Բուխարեստում, կօգնեն նրան ստանալ ավելի շատ տեղեկատվություն և ազդել նրա տեսակետների ձևավորման վրա, որից հետո նա պետք է ելույթ ունենա ՆԱՏՕ-ի մինիստերիալին», – ասել է Լյուք Քոֆին:
Լյուք Կոֆիի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կլսեք ուրբաթ՝ ժամը 14:00-ին, Վրաստանի ռադիոյով: