Այսօր Վրաստանի պետական դրոշի օրն է: Երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկի՝ Ազգային դրոշի օրը նշվում է 2012 թվականից:
Վրաստանի պետական հինգ խաչանոց դրոշը վերականգնվեց 2004 թվականի հունվարի 14-ին: Հերալդիկայի պետական խորհրդի նախագահի տեղակալ, Մամուկա Գոնգաձեի հայտարարությամբ, ազգային դրոշն ունի երկար պատմություն: Հերալդիկայի պետական խորհուրդը կոչ է անում քաղաքացիներին, հարգանքի տուրք մատուցելու նպատակով, բարձրացնել պետական դրոշները իրենց տների տանիքներին և պատշգամբներին:
«Վրաստանի ներկայիս դրոշը շատ երկար պատմություն ունի: Կարելի է ասել, որ այն Եվրոպայի ամենահին դրոշներից մեկն է: Այն գրանցված է Վրաստանի շատ պորտոլաններում: Պորտոլանը ծովային քարտեզ է, կան նաև այլ աղբյուրներ: Հինգ խաչանոց դրոշը մեզ համար այսօր աշխարհիկ խորհրդանիշ է, քանի որ այն ունի իր հիմքերը և այս դրոշի վրա, իր իմաստաբանությամբ պատկերված է Փրկն ու չորս առաքյալները, ովքեր աշխարհին ազդարարում են նրա հայտնությունը: Սա նրա հերալդիկ, գիտական բացատրությունն է: Բավականին մեծ աշխատանք է կատարվել մինչ այս դրոշի հաստատումը: Գոյություն ուներ նախագահին կից հանձնաժողով: Պետական հանձնաժողովը սկսել էր աշխատել դեռ Էդուարդ Շևարդնաձեի օրոք: 1999 թվականին խորհրդարանը որոշում ընդունեց, վերականգնել պատմական խորհրդանիշները, այդ թվում ՝ հինգ խաչանոց դրոշը: Վերջնականապես, այն ներկայիս տեսքը ստացավ 2004 թվականին, իսկ 2017 թվականին այն ամրապնդվեց սահմանադրությամբ և ամրապնդվեցին դրա իրավական հիմքերը: Համավարակի պատճառով ակտիվություններ նախատեսած չունենք: Մենք միշտ բնակչությանը կոչ ենք անում այս օրը դրոշներ ցուցադրել պատշգամբներից: Յուրաքանչյուրը պետք է դրոշին վերաբերվի արժանապատիվ և հարգալից»,- հայտարարել է Հերալդիկայի պետական խորհրդի նախագահի տեղակալ Մամուկա Գոնգաձեն:
Համավարակի պատճառով պետական դրոշի օրվա կապակցությամբ լայնածավալ միջոցառումներ չեն նախատեսվում, սակայն Թբիլիսիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախաձեռնությամբ 12:00-ին Թբիլիսիի սակրեբուլոյի պատմական պատշգամբներից կցուցադրվեն պետական դրոշները: Միջոցառմանը կմասնակցեն սակրեբուլոյի անդամները: