Հունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել Անդրաշ Բակային
Հունգարիայի Ազգային ժողովը Հանրապետության նոր նախագահ է ընտրել 73-ամյա իրավաբան և Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային։
Բակայի՝ Հունգարիայի նոր նախագահ ընտրվելուն աջակցել է 140 պատգամավոր, 6-ը դեմ են քվեարկել։
Նախկին իշխող կոալիցիան՝ «Ֆիդեսը», նախապես հայտարարել էր, որ քվեարկությանը մասնակցություն չի ունենա։
1991–2008 թվականներին Անդրաշ Բական աշխատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այնուհետև, 2009 թվականին, նա դարձավ Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահ։ Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց հետո նրան ազատեցին պաշտոնից։ Ինքը՝ Բական, գտնում է, որ իր ազատումը կապված էր Վիկտոր Օրբանի կառավարության դատական բարեփոխումների քննադատության հետ։
Հուլիսի 18-ին Բակայի նախորդը՝ Թամաշ Շույոկը, ստորագրեց սահմանադրական փոփոխությունները, որոնք, ի թիվս այլ հարցերի, նախատեսում են նրա նախագահական լիազորությունների վաղաժամկետ դադարեցում։ Այն բանից հետո, երբ Հունգարիայի խորհրդարանը, որտեղ սահմանադրական մեծամասնություն ունի Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցությունը, հաստատեց սահմանադրական փոփոխությունները, Շույոկն ուներ հինգ օր՝ որոշումը ստորագրելու կամ դրա վրա վետո դնելու համար։
Նախընտրական արշավի ժամանակ «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը խոստացել էր, որ սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում կփոխի Հունգարիայի սահմանադրությունը և պաշտոններից կազատի նախկին իշխանության կողմից նշանակված այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց նա անվանում է Օրբանի «մարիոնետներ»։ Նրանց թվում էր նաև նախագահ Շույոկը։