Հունգարիայի նախագահ. Ինչպես նախկինում, ապագայում ևս պատրաստվում ենք աջակցել Վրաստանի ձգտումներին ՆԱՏՕ-ին ինտեգրման ճանապարհին
Հունգարիան ինչպես նախկինում, ապագայում ևս պատրաստվում է աջակցել Վրաստանի ձգտումներին ՆԱՏՕ-ին ինտեգրման ճանապարհին,- այս մասին հայտարարել է Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ անցկացված համատեղ մամլո ասուլիսին:
«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Ես առաջին հունգարացի նախագահն եմ, ով պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Հունգարիան ինչպես նախկինում, ապագայում ևս պատրաստվում է աջակցել Վրաստանի ձգտումներին ՆԱՏՕ-ին ինտեգրման ճանապարհին: Գիտենք, որ ստեղծվել է նոր հանձնաժողով և հուսով եմ, հանձնաժողովի անդամները նոր լիցք կհաղորդեն այս հարցին: Ցանկանում եմ, վստահեցնել, որ Հունգարիան ամեն առումով աջակցում է Վրաստանին այս հարցում: Բացի այդ, հանդիպմանը զրուցել ենք նաև զբոսաշրջության ոլորտի մասին: Գիտենք, որ «Վիզեարը» 3-4 տարի առաջ սկսեց ավիաչվերթներ Վրաստանի և Հունգարիայի միջև, որը շատ մեծ ներդրում է զբոսաշրջության տեսանկյունից: Հուսով եմ, ապագայում Հունգարիայի բնակչությունը հետաքրքրված կլինի Վրաստան այցով, այս երկրի մշակույթով, գինով և նպարեղենով»,- նշել է Հունգարիայի նախագահը՝ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպումից հետո:
Հունգարիայի նախագահը Թբիլիսի է ժամանել երեկ, կնոջ՝ Անիտա Հերչեխի հետ միասին: Հունգարացի բարձրպաշտոնյային Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի նախագահի վարչության և արտաքին գերատեսչության ներկայացուցիչները: