Հունաստանում ապրուստի թանկացման դեմ բողոքի համար արհմիությունները հայտարարեցին 24-ժամյա գործադուլ, դադարեցրեց աշխատանքը Աթենքի մետրոն, փակվեցին դպրոցները, վարչական հաստատությունները
Արհմիությունները 24-ժամյա համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ ի նշան Հունաստանում ապրուստի թանկացման դեմ բողոքի։ Աթենքում և Սալոնիկում ցույցեր են անցկացվում։ Պետական սեկտորի աշխատակիցները պահանջում են 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձը և վերականգնել 13-րդ և 14-րդ աշխատավարձերը։
Գործադուլավորներին է միացել նաև GSEE-ը՝ Հունաստանի մասնավոր հատվածի աշխատողների ամենամեծ արհմիությունը:
Գործադուլի պատճառով Աթենքի մետրոն մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքը, դադարեցվել է լաստանավերի սպասարկումը։ Փակվել են դպրոցները, մանկապարտեզներն ու վարչական հաստատությունները։ Պետական հիվանդանոցները տրամադրում են միայն շտապ օգնության ծառայություններ։ Հունական լրատվամիջոցների լրագրողները մեկ օր շուտ 24-ժամյա գործադուլ էին հայտարարել, որպեսզի կարողանան լուսաբանել աշխատակիցների այսօրվա համընդհանուր գործադուլը։ Արհմիությունները վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին մեղադրում են գնաճի, սննդամթերքի և բնակարանների գների բարձրացման մեջ։