Հռոմում 2 հանրախանութից մարդիկ տարհանվել են՝ ռումբի մասին զանգից հետո
Հռոմում 2 հանրախանութից մարդիկ տարհանվել են՝ ռումբի մասին զանգից հետո

Հռոմի կենտրոնում երկու առևտրի կենտրոն է տարհանվել ռումբի մասին անանուն զանգի պատճառով: Այս մասին հաղորդում է Messaggero մայրաքաղաքային թերթը:

Պարբերականի հաղորդմամբ, որի խմբագրությունը գտնվում է Rinascente հանրախանութի մոտակայքում, անանուն զանգ է ստացվել թերթի խմբագրությունում: Իրավապահ մարմինների աշխատակիցները շրջապատել են մոտակա փողոցը, իսկ ութ հարկանի հանրախանութի անձնակազմն ու այցելուները տարհանվել են:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել է նույն ցանցի մեկ այլ հանրախանութ, որը գտնվում է կենտրոնական թաղամասից հյուսիս ընկած հատվածում:

Խանութների կազմակերպված տեղահանումներից հետո իրականացված ստուգումների ժամանակ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:

Կիրակի իտալական հեռուստաալիքներից մեկը հայտնել է ահաբեկչության վտանգի պատճառով մայրաքաղաքում անվտանգության ուժեղացված միջոցառումների մասին: