Հռոմի պապը կոչ է անում աշխարհի կառավարություններին դանդաղեցնել արհեստական բանականության զարգացումը
Հռոմի պապ Լեո XIV հրապարակել է իր առաջին խոշոր էնցիկլիկը` «Մարդկության պաշտպանության մասին արհեստական բանականության դարաշրջանում»։
Իր ուղերձում պապը կոչ է արել աշխարհի կառավարություններին դանդաղեցնել արհեստական բանականության զարգացումը և խստորեն կարգավորել այս ոլորտը։
Հռոմի պապի խոսքով՝ արհեստական բանականությունը նպաստում է ապատեղեկատվության տարածմանը, հրահրում է հակամարտություններ, և կա վտանգ, որ աշխարհը կհայտնվի անվերջ պատերազմների մեջ։
Լեո XIV նշում է, որ արհեստական բանականության կողմից օգտագործվող տվյալները չպետք է մնան մասնավոր ընկերությունների ձեռքում։ Բացի այդ, պապը կոչ է արել նվազեցնել արհեստական բանականության ոլորտում աշխատող ընկերությունների միջև մրցակցությունը։
Հռոմի պապը համեմատել է արհեստական բանականության զարգացումը Բաբելոնի աշտարակի աստվածաշնչյան պատմության հետ, երբ ամբարտավանությամբ տարված մարդիկ փորձել են կառուցել աշտարակ, որը հասնում էր մինչև երկինք և զայրացրել Աստծուն։
Հռոմի պապի խոսքով՝ այս պատմությունը ցույց է տալիս ցանկացած ձեռնարկության վտանգը, որը «փորձում է հասնել երկինք առանց Աստծո օրհնության»։
Էնցիկլիկայում պապը նաև անդրադարձել է «արդար պատերազմի» տեսությանը։ Սա եկեղեցական ուսմունք է, որն օգտագործվել է համաշխարհային հակամարտությունները արդարացնելու համար։
Հռոմի պապի խոսքով՝ այս տեսությունը հնացած է, և ռազմական ուժի կիրառումը թույլատրելի է միայն «ինքնապաշտպանության համար՝ բառի ամենախիստ իմաստով»։