Հռոմի պապը հուսով է, որ Փարիզի Օլիմպիական խաղերը հնարավորություն կստեղծեն համաշխարհային հակամարտություններում զինադադարի համար
Հռոմի պապը հուսով է, որ Փարիզի Օլիմպիական խաղերը հնարավորություն կստեղծեն համաշխարհային հակամարտություններում զինադադարի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս ունի, որ Փարիզի Օլիմպիական խաղերը հնարավորություն կստեղծեն խաղաղության համար աշխարհի հակամարտություններում։ Այս մասին Ֆրանցիսկոսը խոսել է իր կիրակնօրյա ելույթի ժամանակ։ Նա մարզիկներին հորդորեց լինել խաղաղության պատգամաբեր և օրինակ երիտասարդության համար։

«Այս շաբաթ մենք կտեսնենք Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկը, որին կհաջորդի Պարալիմպիկ խաղերը։ Սպորտն ունի սոցիալական մեծ ուժ, տարբեր մշակույթների մարդկանց խաղաղ կերպով միավորելու կարողություն։ Հուսով եմ, որ այս միջոցառումը կարող է նշան լինել ներառական աշխարհի, որը մենք ցանկանում ենք կառուցել, և որ մարզիկները կլինեն խաղաղության սուրհանդակներ և լավ օրինակներ հատկապես երիտասարդության համար։ Հինավուրց ավանդույթի համաձայն՝ Օլիմպիական խաղերը թող առիթ հանդիսանան պատերազմներում զինադադար հայտարարելու համար՝ ցույց տալով խաղաղության անկեղծ ցանկություն»,- ասել է Հռոմի պապը։

Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին։ Միջոցառմանը ներկա կլինեն մոտ 10500 մարզիկներ և ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ: