Հռոմի պապ. Ես կշարունակեմ խոսել պատերազմի դեմ, այսօր աշխարհում շատ անմեղ մարդիկ են մահանում, կարծում եմ՝ ինչ-որ մեկը պետք է ասի, որ կա ավելի լավ ճանապարհ
Հռոմի պապ. Ես կշարունակեմ խոսել պատերազմի դեմ, այսօր աշխարհում շատ անմեղ մարդիկ են մահանում, կարծում եմ՝ ինչ-որ մեկը պետք է ասի, որ կա ավելի լավ ճանապարհ

Ես կշարունակեմ խոսել պատերազմի դեմ,- այսպես է Հռոմի պապ Լեո XIV արձագանքել Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որում ԱՄՆ նախագահը քննադատել է Հռոմի պապին։

Ռոյթերսին տված հարցազրույցում Հռոմի պապը նշել է, որ չնայած ԱՄՆ նախագահի ուղղակի քննադատությանը, նա կշարունակի ակտիվորեն խոսել պատերազմի դեմ։

«Ես չեմ ուզում նրա հետ բանավեճի մեջ մտնել։ Ես չեմ կարծում, որ Ավետարանի ուղերձը պետք է օգտագործվի այնպես, ինչպես որոշ մարդիկ են անում», – ասել է Հռոմի պապը։

Հռոմի պապ Լեո XIV նշել է, որ իր գլխավոր նպատակը խաղաղության խթանումն է և չի փոխի այս դիրքորոշումը։

«Ես կշարունակեմ խոսել պատերազմի դեմ, կփորձեմ խթանել խաղաղությունը, երկխոսությունը և ամրապնդել երկրների միջև բազմակողմ հարաբերությունները, որպեսզի գտնվեն խնդիրների արդար լուծումներ», – ասել է Հռոմի պապը։

Ըստ նրա՝ աշխարհում ստեղծված իրավիճակը հատուկ ուշադրություն է պահանջում։

«Այսօր աշխարհում չափազանց շատ մարդիկ են տառապում։ Չափազանց շատ անմեղ մարդիկ են մահանում։ Կարծում եմ՝ ինչ-որ մեկը պետք է կանգնի և ասի, որ կա ավելի լավ ճանապարհ», – ասել է Հռոմի պապ Լեո XIV։

Տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Հռոմի պապը թույլ է հանցագործության դեմ պայքարում, բայց սարսափելի է արտաքին քաղաքականության մեջ։ Նա ասել է, որ չի ուզում այնպիսի Հռոմի պապ, որը քննադատում է ԱՄՆ նախագահին։