Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջին անգամ մատուցեց կեսգիշերային Սուրբ Ծննդյան պատարագը։
Սուրբ Պետրոսի տաճարում կաթոլիկական պատարագը սկսվեց Վատիկանի ժամանակով երեկոյան ժամը 10:00-ին։
Սուրբ Ծննդյան տեսարանին ուղղվող Հռոմի պապին ուղեկցում էին տասը երեխա՝ Հարավային Կորեայից, Հնդկաստանից, Մոզամբիկից, Պարագվայից, Լեհաստանից և Ուկրաինայից։ Նրանք Սուրբ Ծննդյան տեսարանը զարդարեցին ծաղիկներով։
Տոնական պատարագին ներկա էին հարյուրավոր մարդիկ։ Արարողությանը մասնակցում էին նաև հոգևորականներ։
Կաթոլիկական պատարագից առաջ Հռոմի պապ Լևոն XIV-ը այցելեց Սուրբ Պետրոսի հրապարակ և օրհնեց հավատացյալներին, որոնք չկարողացան մտնել Սուրբ Պետրոսի տաճար և մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին։
«Սուրբ Պետրոսի տաճարը շատ մեծ է, սակայն, ցավոք, բավարար չէ ձեզանից բոլորին ընդունելու համար։ Ես հիացած եմ, հարգում եմ ձեզ և շնորհակալություն եմ հայտնում այս երեկո այստեղ լինելու ձեր ցանկության համար։ Մենք ցանկանում ենք միասին նշել Սուրբ Ծնունդը։ Հիսուս Քրիստոսը, որը ծնվեց մեզ համար, մեզ տալիս է խաղաղություն և Աստծո սեր։ Լավագույն մաղթանքներս բոլորին։ Թող Աստված օրհնի ձեզ և օրհնի ձեր ընտանիքները», – դիմեց Հռոմի պապը ուխտավորներին։
Վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Վատիկանի ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին, Հռոմի պապ Լևոն XIV-ը կմատուցի օրվա պատարագը, որը վերականգնել է հենց ինքը։ Սուրբ Ծննդյան օրվա պատարագը Լևոն XIV-ի նախորդները՝ պապ Ֆրանցիսկոսը և պապ Բենեդիկտ XIV-ը, երբեք չեն մատուցել։ Վերջին անգամ դա արվել է 1994 թվականի դեկտեմբերի 25-ին՝ պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից։
Կեսօրին պոնտիֆիկոսը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից կկարդա ավանդական Սուրբ Ծննդյան ուղերձը և կաթոլիկ հավատացյալներին Սուրբ Ծնունդը կշնորհավորի տարբեր լեզուներով։