Հրեա գործարար Իցիկ Մոշեն շնորհակալություն է հայտնում Վրաստանի անվտանգության ծառայությանը
Հրեա գործարար Իցիկ Մոշեն շնորհակալություն է հայտնում Վրաստանի անվտանգության ծառայությանը

Գործարար Իցիկ Մոշեն շնորհակալություն է հայտնում Վրաստանի անվտանգության ծառայությանը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրում է Իցիկ Մոշեն։

»Շնորհակալ եմ աջակցության համար: Շնորհակալություն Իսրայելի Պետության նախագահ Իսահակ Հերցոգին՝ խրախուսական խոսքերի և աջակցության համար, և իհարկե, շատ շնորհակալություն Վրաստանի անվտանգության ծառայությանը՝ ահաբեկչությունը բացահայտելու և խափանելու համար։ Շատ գործ ու անելիք կա։ Շարունակում ենք և պատրաստվում նոր աշխատանքային օրվան՝ բարի լույս»,- գրում է Իցիկ Մոշեն։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերը Վրաստանում փորձել են սպանել իսրայելցի գործարար Իցիկ Մոշեին։

Տարածված տեղեկությունների համաձայն, իրանցի զինվորականների թելադրանքով «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող մի խումբ պակիստանցիներ ժամանել են Թբիլիսի և սկսել հետախուզական տեղեկություններ հավաքել՝ սպանությունն իրականացնելու համար։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ 2011 թվականից հետո ահաբեկչական ցանցը ղեկավարել է «Ղուդս» զորքերի աշխատակից Մոհամմադ Ռեզա Էբադի Արաբլուն։

Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ վրացական հատուկ ծառայությունները հայտնաբերել են վրաց-իրանական երկքաղաքացիություն ունեցող անձանց, ովքեր պատասխանատու են պակիստանցիներին զենք մատակարարելու համար։ Հաղորդվում է, որ այդ անձինք Թուրքիայում աշխատել են զենքի մաքսանենգ վաճառողի հետ։ Իսրայելի հատուկ ծառայությունների տվյալներով՝ կասկածյալների ձերբակալությունից հետո Վրաստանի եւ Իսրայելի հատուկ ծառայությունները քննարկել են այդ հարցը։