«Հրաժարակա՛ն», «Մարդասպաննե՛ր». Կեմերովոյի բնակիչները դուրս են եկել ցույցերի
«Հրաժարակա՛ն», «Մարդասպաննե՛ր». Կեմերովոյի բնակիչները դուրս են եկել ցույցերի

Այսօր առավոտյան ՌԴ Կեմերովոյի մարզի բնակիչները հավաքվել են մարզպետարանի շենքի մոտ՝ բողոքի ցույց անցկացնելով «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ:

Խորհուրդների հրապարակում հավաքվել է առնվազն 300 մարդ, սակայն այնուհետ սկսել են շատանալ: Մամուլի  հաղորդմամբ՝ հանրահավաքի վայրում են կենտրոնանում ոստիկանական լրացուցիչ ուժեր:

Քաղաքացիները պահանջում են իշխանություններից պատմել հրդեհի մասին ճշմարտությունը, շատերը չեն հավատում ողբերգության զոհերի պաշտոնապես հրապարակված թվին: Մյուսները դժգոհություն են հայտնում, որ հրդեհի մարման համար աշխատել է քիչ թվով հրշեջ: Նրանք նաև պահանջում են, որ իրենց մոտենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որը մարտի 27-ին ժամանել է Կեմերովո:

Երբ հավաքվածների մոտ է դուրս եկել Կեմերովոյի մարզպետի տեղակալ Սերգեյ Ցիվիլյովը, մարդիկ նրան դիմավորել են «Ճշմարտությո՛ւն», «Հրաժարակա՛ն», «Մարդասպաննե՛ր» կոչերով:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ ցուցարարները պայմանավորվել են ինքնուրույն հաշվարկել առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի թիվը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ:

Հայտնի է, որ հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը: Ականատեսների համաձայն՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:

Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին: