Հոկտեմբերի 8-ին Ստամբուլի եվրոպական մասում կբացվի ուղղափառ եկեղեցին
Հոկտեմբերի 8-ին Ստամբուլի եվրոպական մասում կբացվի ուղղափառ եկեղեցին։ Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, սա պատմական նշանակություն ունի ոչ միայն տեղի քրիստոնյաների, այլեւ ողջ Թուրքիայի համար, քանի որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր կառուցված առաջին ուղղափառ եկեղեցին է։
Ստամբուլի սիրիական հիմնադրամի նախագահ Սաիթ Սուսինն ասել է, որ Սուրբ Եփրեմ սիրիական ուղղափառ եկեղեցին կառուցվում է 10 տարի, որից 7 տարին ծախսվել է պաշտոնական ընթացակարգերի վրա։
Daily Sabah հրատարակությունը գրում է, որ նախագահ Էրդողանը եկեղեցու հիմքը դրել է 2019 թվականին։ Սկզբում նախատեսվում էր այն բացել փետրվարի 19-ին, սակայն Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով եկեղեցու բացումը հետաձգվեց։
Եկեղեցին նախատեսված է 750 հոգու համար։ Բացումից հետո կիրակի օրը կկատարվի առաջին եկեղեցական արարողությունը։