Հոկտեմբերի 4-ի գործով Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Վրաստանի հետախուզման մեջ գտնվող քաղաքացու, որը մեղադրվում է մեծ քանակությամբ հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի ձեռքբերման և պահպանման մեջ

21:51, 10.07.2026

«Հոկտեմբերի 4-ի գործի» հետ կապված՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Վրաստանի հետախուզվող քաղաքացու, ով մեղադրվում է 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կազմակերպված խմբակային բռնությունների և նախագահական պալատը զավթելու փորձին զուգահեռ, դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու մեջ։ Այս մասին Պետական անվտանգության ծառայությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՊԱԾ ղեկավարի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն։

«Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները, համալիր կերպով իրականացված հատուկ միջոցառման արդյունքում, որը վերջին չորս օրերի ընթացքում նախապատրաստվում էր ծառայության տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ներգրավմամբ, Վրաստան-Հայաստան սահմանային անցակետերի միջև ընկած չեզոք գոտում ձերբակալել են Վրաստանի հետախուզվող քաղաքացու, ով մեղադրվում է 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կազմակերպված խմբակային բռնությունների և նախագահական պալատը զավթելու փորձին զուգահեռ, դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ միջոցներ ձեռք բերելու և պահելու մեջ։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Թբիլիսիի մոտակայքում գտնվող անտառային զանգվածում՝ հատուկ թաքստոցում, հայտնաբերել էին թաքցված հրազեն, ռազմամթերք և դետոնատորով պայթուցիկ նյութեր։

Քննությամբ պարզվել է, որ Ուկրաինայում գործող ռազմական ստորաբաժանումներից մեկի վրացի ներկայացուցչի ցուցումով ձերբակալվածը ձեռք էր բերել վերոնշյալ ռազմամթերքը, որով հոկտեմբերի 4-ի անկարգությունների կազմակերպիչները, անհրաժեշտության դեպքում, պետք է դիվերսիա իրականացնեին։

Ինչպես հիշում եք, Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին հաջողվեց նաև չեզոքացնել այն անձանց շրջանակը, ովքեր, հավանաբար, նշված ռազմամթերքն ու պայթուցիկ նյութերը պետք է տեղափոխեին Թբիլիսիի կենտրոն։

Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին, հեռակա կարգով։ Հաջորդ օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը, իսկ հոկտեմբերի 8-ին դատախազի որոշման հիման վրա նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Բացի նշված որակումից, քննությունը աշխատում է լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ՝ դիվերսիոն գործողության կամ սահմանի ապօրինի հատման նախապատրաստման մասով։ Ինչպես նաև քննությունն աշխատում է ձերբակալված անձի և նրան հանցավոր հանձնարարություններ տված անձանց կապերը Բաչանա Ախալայայի, Պաատա Բուրճուլաձեի և 2025 թվականի հոկտեմբերի 4-ի հանցագործության կազմակերպման մեջ ներգրավված այլ անձանց հետ պարզելու ուղղությամբ»,— ՊԱԾ-ում կայացած ճեպազրույցում հայտարարել է Լաշա Մաղրաձեն։

Նմանատիպ