Հնդկաստանում փլուզված թունելում արգելափակված բոլոր աշխատողներին փրկել են 17 օր տևած փրկարարական աշխատանքներից հետո
Հնդկաստանում փլուզված թունելում արգելափակված բոլոր աշխատողներն ազատ են 17-օրյա փրկարարական գործողությունից հետո: Աշխատողների դուրսբերման մասին տեղեկությունը հաստատում է Ուտարախանդ նահանգի կառավարությունը։
Թունելի փլուզման հետեւանքով արգելափակված 41 բանվոր դուրս է բերվել 90 սանտիմետր տրամագծով խողովակի միջոցով, որը անցկացվել է փլուզված թունել։ Գործողությանը խոչընդոտում էր մետաղական առանցքների կտրման անհրաժեշտությունը:
Աշխատողները չեն տուժել։ Այս ընթացքում բարակ խողովակով նրանց տալիս էին թթվածին, ջուր ու սնունդ։
Հնդկաստանի հյուսիսային Ուտարախանդ նահանգում նոյեմբերի 12-ին փլուզվել է կառուցվող 4,5 կմ երկարությամբ թունելը։ Դեպքի պահին թունելում եղել է 60 մարդ։ Թունելի ելքի մոտ գտնվող աշխատակիցները կարողացել են դուրս գալ, սակայն թունելի խորքում գտնվող մարդիկ արգելափակվել են ներսում։
Թունելի շինարարությունը սկսվել էր 2018 թվականին և նախատեսվում էր ավարտել 2022 թվականի հուլիսին։ Ըստ նորացված պլանի՝ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ տարվա մայիս։