Հնդկաստանում և Բանգլադեշում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ

18:17, 19.06.2022

Հնդկաստանում և Բանգլադեշում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ սեզոնային հորդառատ անձրևները Բանգլադեշի հյուսիս-արևելքում ջրհեղեղների պատճառ են դարձել, որի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, իսկ միլիոնավոր մարդիկ ստիպված են լքել իրենց տները և ապաստան փնտրել:

Բանգլադեշին սահմանակից Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղների հետևանքով 17 մարդ է զոհվել։

Բանգլադեշի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հորդառատ անձրևների պատճառով երկրի հյուսիսային շրջանի գրեթե բոլոր գետերի մակարդակը բարձրացել է կրիտիկական մակարդակի, ինչի հետևանքով շրջակա տարածքները հեղեղվել են։

Մարզերում մոբիլիզացված են հազարավոր ոստիկաններ ու փրկարարներ։ Ոստիկանության տվյալներով՝ ավելի քան 105 հազար մարդ տարհանվել է ջրհեղեղից, թեև ավելի քան 4 միլիոն մարդ դեռ գտնվում է աղետի գոտում։

Բանգլադեշում և Հնդկաստանում վերջին տարիներին եղանակի կտրուկ փոփոխություններ են եղել: Բնապահպանները կարծում են, որ կլիմայի փոփոխության պատճառով աշխարհում բնական աղետների թիվն էլ ավելի կաճի։

Նմանատիպ