Հնդկաստանի զինված ուժերը Քաշմիրում իրականացնում են որոնողական գործողություններ, իսկ տարածաշրջանում անվտանգության միջոցառումները խստացվել են

20:45, 25.04.2025

Հնդկաստանի զինված ուժերը Քաշմիրում իրականացնում են որոնողական գործողություններ, իսկ տարածաշրջանում ուժեղացված են անվտանգության միջոցառումները։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։

Մեդիայի տեղեկացմամբ՝ Քաշմիր է ժամանել զինված ուժերի հրամանատարը և այցելել է հարձակման վայրը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է, որ մեղավորները կպատժվեն։

Բացի այդ, Հնդկաստանը հորդորել է Պակիստանի քաղաքացիներին լքել երկիրը մինչև ապրիլի 29-ը։ Հնդկաստանի կառավարությունը նաև դադարեցրել է 1960 թվականին ստորագրված ջրային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի գործողությունը։ Ի պատասխան՝ Պակիստանը հայտարարել է, որ եթե Հնդկաստանը դադարեցնի ջրի մատակարարումը, դա կհամարի «պատերազմի ակտ»։

Մեդիայի փոխանցմամբ՝ անցած գիշեր հրաձգություն է եղել Հնդկաստանի և Պակիստանի սահմանի՝ վերահսկողության գծի երկայնքով, սակայն միջադեպի արդյունքում զոհեր չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Քաշմիրի շրջանում, Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, տեղի է ունեցել հարձակում զբոսաշրջիկների վրա, որի հետևանքով զոհվել է 26 մարդ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Քաշմիրի դիմադրության ճակատ» խմբավորումը։ Հնդկաստանը պնդում է, որ այս խմբավորումը ստանում է Պակիստանի աջակցությունը, սակայն Իսլամաբադը կապը հարձակման հետ հերքում է։

Նմանատիպ