Հնդկական մեդիայի հաղորդմամբ՝ ռազմական գործողության շրջանակներում Պակիստանում և Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում սպանվել է 70 ահաբեկիչ

12:13, 07.05.2025

Հնդկական մեդիան, հղում կատարելով երկրի կառավարությանը, հաղորդում է, որ ռազմական օպերացիայի շրջանակներում Պակիստանում և Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում սպանվել է 70 ահաբեկիչ։

Տարածված տեղեկության համաձայն՝ 24 հրթիռ օգտագործվել է ինը տարբեր վայրերի ռմբակոծման համար։

Հնդկական աղբյուրների համաձայն՝ հրթիռակոծման արդյունքում Մուզաֆարաբադում, Կոտլիում, Բահավալպուրում, Ռավալակոտում, Չակսվարիում, Բհիմբերում, Նիլամ Վելլիում, Ջելումում և Չաքվալում վիրավորվել է ավելի քան 60 ահաբեկիչ։ Հնդկաստանի պետական աղբյուրների տվյալներով՝ այս վայրերը ճանաչվել են որպես ահաբեկչական գործունեության կենտրոններ։ Բարձր ճշգրտության հրթիռները օգտագործվել են «Լաշքար-է-Տայբա» և «Ջայշ-է-Մոհամեդ» խմբավորումների ճամբարների դեմ։

Հնդկաստանի պաշտպանության աղբյուրների համաձայն՝ սպանված ահաբեկիչների թվում են միջին և բարձր մակարդակի դաշտային հրամանատարներ՝ կապված «Լաշքար-է-Տայբա»-ի և «Ջայշ-է-Մոհամեդ»-ի հետ։

Հնդկական մեդիայի համաձայն՝ Հնդկաստանի հակահարվածը զգալիորեն նվազեցրել է այս ահաբեկչական խմբավորումների գործողունակությունը։ Պակիստանի հայտարարության համաձայն՝ Հնդկաստանի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ինը խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 38-ը, իսկ երկու մարդ համարվում է անհետ կորած։

Նմանատիպ