Հիվանդությունների վերահսկման կենտրոնը զգուշացնում է արևայրուքի սիրահարներին և տալիս խորհուրդներ
Հիվանդությունների վերահսկման կենտրոնը զգուշացնում է արևայրուքի սիրահարներին և տալիս խորհուրդներ

Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնը ամռան շոգ օրերի հետ կապված զգուշացնում է արևայրուքի սիրահարներին:

Կենտրոնը մեկնաբանում է, որ ջերմային հիվանդություն ստանալու հետ մեկտեղ, ամռան շոգ օրերին հաճախ են արևից այրվելու դեպքերը, առանձնապես երիտասարդ աղջիկների թվում, որոնք համարում են, որ արևայրուքը առողջություն է և գեղագիտական գեղեցկություն:

«Մաշկաբանները պարզաբանում են, որ արևայրուքը արևից առաջացած մաշկի վնասում է, որն առաջանում է ուլտրամանուշակագույն շողերով՝ մաշկի պիգմենտային (գունանյութ) բջիջները վնասվելիս: Հարկ է նաև հաշվի առնել, որ հաճախակի արևայրուքը նպաստում է մաշկի ժամանակից շուտ ծերացմանը, մաշկի ուռուցքի զարգացման ռիսկի ավելացմանը: Արևի շողերը հնարավոր է առաջացնեն ոչ միայն մաշկային խնդիրներ, այլ նաև տեսողության խանգարումներ, օրինակ կատարակտ, որը հանդիսանում է կուրության պատճառ»,- ասվում է կենտրոնի կողմից հրապարակված տեղեկությունում:

Գերատեսչության տեղեկությամբ, արևի շողերով և սոլյարիներում ճառագայթման դեպքում, զարգանում է մաշկի այրվածություն: Այս դեպքում լինում են տարբեր ախտանիշներ. Թուլություն, վնասված շրջանի այտուցվածություն, ցավ, մարմնի ջերմաստիճանի ավելացում, սրտխառնոց:

«Արևին կամ սոլյարիում երկար գտնվելուց հետո, նման ախտանիշների դեպքում, անհապաղ ընդունեք Ասպիրին կամ Ացետամինոֆեն (Տիլենոլ)», վնասված շրջաններում դրեք սառը թրջոցներ, ընդունեք սառը լոգանք»,- հայտարարում է Հիվանդությունների վերահսկման կենտրոնը:

Արևից այրվելուց հետո անհրաժեշտ է խուսափել արևին գտնվելուց: