Հիվանդությունների վերահսկման կենտրոնը արևից պաշտպանվելու և այրվածքների կանխարգելման համար հանձնարարականներ է տարածում

11:33, 22.08.2026

Ամռանը արևային այրվածքների դեպքերը հատկապես հաճախակի են: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելցուկային ազդեցությունը առողջության համար բազմաթիվ ռիսկերի հետ է կապված:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը արևից պաշտպանվելու և այրվածքների կանխարգելման համար հանձնարարականներ է տարածում:

«Արևայրուքը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մաշկի պիգմենտային բջիջների վնասման արդյունք է: Հաճախակի արևայրուք ընդունելը մեծացնում է մաշկի վաղաժամ ծերացման, պիգմենտային բծերի և մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է նաև տեսողության լուրջ խանգարումներ առաջացնել, այդ թվում՝ կատարակտ, ինչը կուրության հիմնական պատճառներից մեկն է:

Արևի տակ կամ սոլարիումում ավելցուկային ճառագայթումը կարող է մաշկի այրվածք առաջացնել: Դրան կարող են ուղեկցել մաշկի կարմրությունը և ցավը, վնասված հատվածի այտուցվածությունը, հեղուկ պարունակող բշտիկները, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, ընդհանուր թուլությունը և փսխման զգացումը (սրտխառնոցը)», – նշված է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկատվության մեջ:

Կենտրոնի հանձնարարականով՝ արևային այրվածքի դեպքում չպետք է դիպչել կամ պայթեցնել առաջացած բշտիկները և պետք է խուսափել արևի տակ վերստին դուրս գալուց: Բժշկական օգնությունն անհրաժեշտ է, եթե այրվածքը ստացել է մինչև մեկ տարեկան երեխան, զարգացել է բարձր ջերմաստիճան, հայտնվել են հեղուկով լի բշտիկներ և ուժեղ ցավ: Արևային այրվածքների նկատմամբ հատկապես զգայուն են բաց գույնի մաշկ, մազեր և աչքեր ունեցող մարդիկ, մինչև 6 տարեկան երեխաները և 60 տարեկանն անց անձինք:

Կանխարգելման համար կենտրոնը բնակչությանը խորհուրդ է տալիս սահմանափակել արևի տակ գտնվելը, հատկապես արևի պիկային ակտիվության շրջանում՝ կեսօրից երկու ժամ առաջ և երկու ժամ հետո:

«Խորհուրդ է տրվում կրել բաց գույնի, բնական գործվածքից պատրաստված լայն հագուստ, լայնեզր գլխարկ և մուգ ակնոց, որն ապահովում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից բարձր պաշտպանվածություն:

Ինչպես նաև կարևոր է արևապաշտպան միջոցների օգտագործումը. խորհուրդ է տրվում SPF 30 կամ ավելի բարձր պաշտպանիչ գործոն ունեցող քսուք քսել արևի տակ դուրս գալուց 20 րոպե առաջ և թարմացնել այն երկու ժամը մեկ անգամ», – նշում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում:

Նմանատիպ