Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին. հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Սա Նարենդրա Մոդիի և Վոլոդիմիր Զելենսկու առաջին դեմ առ դեմ հանդիպումն է այն բանից հետո, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Ուկրաինայում։
Վարչակազմի տվյալներով՝ հանդիպման հիմնական թեման եղել է Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսումը։ Զելենսկին և Մոդին խոսել են հումանիտար ականազերծման և շարժական հիվանդանոցների մասին, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային։
Կողմերը քննարկել են նաև ուկրաինական խաղաղության բանաձեւը։ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել է Հնդկաստանին միանալ նշված ծրագրի իրականացմանը։
Հիշեցնենք, որ Հնդկաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձեռնպահ է քվեարկել Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանաձևին։ Հնդկաստանի կառավարության կարծիքով՝ խաղաղ երկխոսությունը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է։
Ուկրաինայի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Հիրոսիմայում, որտեղ ընթանում է G7-ի գագաթնաժողովը։ Ուկրաինայի նախագահի վարչակազմի տվյալներով՝ նախատեսվում է երկկողմ հանդիպում Զելենսկու և նախագահ Ջո Բայդենի միջև։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո Բայդենը նախատեսում է հայտարարել Ուկրաինային 375 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Հնդկաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ միասին Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովին որպես հյուրեր մասնակցում են նաև Բրազիլիայի, Ինդոնեզիայի, Վիետնամի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի ղեկավարները։