Հերթական սենսացիան. Մեքսիկան պարտության է մատնել Գերմանիային (տեսանյութ)

Ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության «F» խումբը բացվեց Գերմանիայի և Մեքսիկայի ազգային հավաքականների հանդիպմամբ: Գործող աշխարհի չեմպիոնից բոլորը սպասում էին հաղթանակ, սակայն մեքսիկացիները մտածում էին այլ կերպ:

Մեքսիկացիները առաջին խաղակեսը սկսեցին հակագրոհներով, հիմնականում վտանգավոր պահեր էին ստեղծվում ձախ եզրից, սակայն վերջնամասում սխալների պատճառով հաշիվը բացել չէր հաջողվում, մինչև 35-րդ րոպեն:

35-րդ րոպեին մեքսիկացիները կրկին կազմակերպել են վտանգավոր գրոհ, որի արդյունքում Իրվինգ Լոսանոն մեն մենակ է մնացել Նոյերի հետ և խփել հանդիպման առաջին և միակ գոլը:

Երկրորդ խաղակեսը ընթացել է «Բունդեսհավաքականի» լրիվ առավելությամբ: Գերմանացիները փորձում էին հաշիվը հավասարեցնել մինչև վերջին րոպեն, սակայն մեքսիկացիները լավ էին պաշտպանվում:

Մեքսիկացիները նվազագույն հաշվով հաղթելուց հետո առաջարկել են մրցաշարի հերթական սենսացիան և խմբում զբաղեցնում են առաջին տեղը: