Թբիլիսիի Հերոսների հրապարակում բացվել է Վրաստանի ազգային հերոս Ժիուլի Շարտավայի կիսանդրին։ Այս մասին տեղեկություն է տարածում մայրաքաղաքի քաղաքապետարանը։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ Ժիուլի Շարտավայի կիսանդրին բացել են մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Բացի այդ, Սուխումիի անկման օրը Իրակլի Ղարիբաշվիլին և Կախա Կալաձեն հարգանքի տուրք են մատուցել Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղվող պայքարում զոհված հերոսների հիշատակին։
«Սեպտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենաողբերգական ամսաթվերից է, որի հետևում կանգնած են բազմաթիվ մարդկանց կյանքեր, տեղահանված ընտանիքներ և օկուպացված տարածքներ։ Վրաստանի պատմությունը հերոսների պատմություն է։ Հայրենիքի համար անձնազոհության, երկրի անկախության համար պայքարելու բազմաթիվ օրինակներ ունենք։ Նրանցից մեկը Ժիուլի Շարտավան է։ Այսօր մենք պատիվ ունեցանք բացել Վրաստանի ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Ժիուլի Շարտավայի կիսանդրին։ Սեպտեմբերի 27-ին՝ Սուխումիի անկման օրը, գնդակահարվել է Ժիուլի Շարտավան։ Մի մարդ, ով կռվել է մինչև վերջ, չի լքել Սուխումը։ Սպանել են, բայց անունը ջնջել չեն կարողացել։ Ես հավատում եմ, որ կգա ժամանակը, և նրա անունը պատվավոր տեղ կունենա Սուխումում։ Ես խոնարհվում եմ այն հերոսների հիշատակի առաջ, ովքեր զոհվել են երկրի միասնության համար մղվող պայքարում»,- ասել է Կախա Կալաձեն։
Ժիուլի Շարտավայի կիսանդրու հեղինակը Ավթանդիլ Մճեդլիշվիլին է։ Թբիլիսիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել ճարտարապետա-գեղարվեստական կոմպոզիցիայի էսքիզ ստեղծելու համար։ Դրան կարող էին մասնակցել անհատ հեղինակ կամ հեղինակների խումբ՝ Վրաստանի կամ օտարերկրյա պետության քաղաքացի։
Հաղթողին ճանաչեց «Թբիլիսիի քաղաքապետարանի վարչական սահմաններում ճարտարապետա-գեղարվեստական կոմպոզիցիայի էսքիզային և ծախսերի նախահաշվային փաստաթղթերի լավագույն առաջարկն ընտրելու համար ստեղծված մրցութային հանձնաժողովը»։