Հերոսների հրապարակից դեպի Քուռ գետի ափ տանող ճանապարհին կկազմակերպվի լրացուցիչ երթեւեկության գոտի
Հերոսների հրապարակից Քուռ գետի ափ տանող ճանապարհահատվածում լրացուցիչ գոտի կկազմակերպվի, այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն մունիցիպալիտետի կառավարության նիստում։
Նրա խոսքով՝ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել «Լագունա Վերեի» շրջակայքում գտնվող երեք գազալցակայանների սեփականատերերի հետ։
«Հերոսների հրապարակից ափի ուղղությամբ եկող ճանապարհային հանգույցը խնդրահարույց տարածքներից է։ Անցյալ տարի նույնպես աշխատել ենք այս նախագծի վրա, մշակել ենք տարբեր սխեմաներ, արել ենք տեսամոդելավորում։ Հարցի ուսումնասիրությունից էլ ավելի պարզ դարձավ, որ գազալցակայանները վերցնելու և լրացուցիչ ճանապարհային գոտի կազմակերպելու անհրաժեշտություն կա։ Նախագծի վրա սկսել ենք աշխատել մի քանի տարի առաջ, սակայն գազալցակայանների սեփականատերերի հետ համաձայնության չենք եկել։ Հետո համաճարակը մեզ խանգարեց։ Երթևեկության հոսքերի ավելացմանը զուգընթաց էլ ավելի հրատապ է դարձել նշված տրանսպորտային հանգույցի որոշակի արդիականացումը և կոնկրետ լուծումներ գտնելը։ Ուստի վերջին շրջանում մենք ակտիվորեն աշխատում էինք այս հարցով, և այսօր կառավարության նիստում քննարկվելու է գույքի փոխանցման հարցը։ Պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել սեփականատերերին համագործակցության համար»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, գազալցակայանների ապամոնտաժումից հետո Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը կսկսի ճանապարհային աշխատանքները։
«Թբիլիսիում մենք հողատարածքներ ենք հատկացնելու տարբեր տարածքներում, որպեսզի սեփականատերերը կարողանան տեղափոխել գազալցակայանները։ Առաջիկայում այս հարցը կուղարկվի սակրեբուլո՝ որոշման, որից հետո կսկսենք գազալցակայանների ապամոնտաժումը։ Դրանից հետո կիրականացվի կոնկրետ նախագիծ, որը կապահովի երթեւեկության հոսքերը։ Տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը արդեն ակտիվորեն աշխատում է տրանսպորտային հանգույցի նախագծի վրա, որը մենք կներկայացնենք բնակչությանը»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։