Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։
Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում Դավիթ Զալկալիանին վերահաստատել է Վրաստանի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և իր ամուր աջակցությունը հայտնել ստեղծված բարդ իրավիճակում։
Գերատեսչության տվյալներով՝ Դավիթ Զալկալիանին նաև նշել է, որ Վրաստանն ու Ուկրաինան օկուպացիայի հետ կապված ընդհանուր մարտահրավերների առջև են կանգնած։
«Կողմերը տեղեկատվություն են փոխանակել ընթացող գործընթացների, Ուկրաինայի սահմանների երկայնքով տիրող իրավիճակի վերաբերյալ։ Խոսվել է նաև Ռուսաստանի և արևմտյան գործընկերների միջև ընթացող երկխոսությանը զուգահեռ Ուկրաինայի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ շփման մասին։
Այս համատեքստում կողմերը դրական են գնահատել միջազգային գործընկերների աջակցությունը և նրանց միանշանակ դիրքորոշումն առ այն, որ Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև երկու երկրների ինքնիշխան իրավունքն ընտրելու իրենց ապագան և եվրոպական ու եվրատլանտյան ձգտումները, կարմիր գիծ է, որը չի վերանայվի, Վրաստանի կամ Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվի առանց այդ երկրների ներգրավման։
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել են միջազգային հարթակներն ու Վրաստանի ու Ուկրաինայի սերտ շփումը։ Նախարարները պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի շփումները՝ ընթացիկ գործընթացների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դիրքորոշումների փոխանակման համար»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։