Հելսինկյան հանձնաժողով – Մենք կոչ ենք անում տրանսատլանտիկ գործընկերներին միանալ մեզ և պահանջել Վրաստանում նոր ազատ ու արդար ընտրությունների անցկացում և բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում
Մենք կոչ ենք անում մեր տրանսատլանտիկ գործընկերներին միանալ մեզ և պահանջել Վրաստանում նոր ազատ և արդար ընտրությունների անցկացում և բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, – ասվում է Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ։
Ինչպես նշված է հայտարարությունում, անգործությունը միլիոնավոր վրացիների հույսերի և երազանքների դավաճանություն կլինի և զգալիորեն կնվազեցնի ազատ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի հնարավորությունը։
«Վաղը Վրաստանում խաղաղ ցույցերի 150-րդ օրը կլինի, ինչը վրացիների ազատության և անկախության նկատմամբ անդրդվելի հավատարմության վառ դրսևորում է։ Մենք հպարտ ենք, որ կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին, երբ նրանք հրաժարվում են զիջել իրենց ժողովրդավարական ձգտումները ապօրինի ռեժիմի առջև։
«Վրացական երազանք» կուսակցությունը իշխանությունը պահում է վրացիներին ժողովրդավարական հասարակության համար թանկարժեք իրավունքներից և ազատություններից զրկելով։ Անկախ մամուլի, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և խաղաղ ցուցարարների դեմ ճնշումների միջոցով «Վրացական երազանքը» երկիրը մեկուսացնում է տրանսատլանտիկ համայնքից և մղում Վրաստանը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի նման ապագա ռեպրեսիաների վտանգին։
Վրաստանի աշխույժ ժողովրդավարական ոգին ժամանակին տարածաշրջանում հույսի փարոս էր դարձել։ Եթե Վրաստանը շարունակի շարժվել դեպի ավտորիտարիզմ, մենք կկորցնենք դաշնակցին, որը հավատարիմ էր մեր ընդհանուր անվտանգությանն ու ժողովրդավարական արժեքներին։ Միևնույն ժամանակ, մենք վրացիներին կթողնենք ռուսական վերահսկողության տակ գտնվող ավտորիտար կառավարության տիրապետության տակ, ի հեճուկս նրանց երկարատև ազատության պայքարի։
Մենք կրկին կոչ ենք անում մեր տրանսատլանտիկ գործընկերներին միանալ մեզ և պահանջել նոր ազատ և արդար ընտրություններ և Վրաստանում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում։ Անգործությունը ոչ միայն միլիոնավոր վրացիների հույսերի և երազանքների դավաճանություն կլինի, այլև կվնասի Հարավային Կովկասի ազատ, անվտանգ և բարգավաճ ապագայի հնարավորությունը», – նշված է հայտարարությունում, որը ստորագրել են՝ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոջեր Ուիքերը, համանախագահ կոնգրեսական Ջո Ուիլսոնը, հանձնաժողովի ավագ անդամ սենատոր Շելդոն Ուայթհաուսը, ավագ անդամ կոնգրեսական Սթիվ Քոհենը, կոնգրեսական Ռիչարդ Հադսոնը և սենատոր Ջոն Կորնինը։