«Եվրատեսիլ 2018»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլից եզրափակիչ անցած երկրները հայտնի են: Վրաստանը ներկայացնող «Իրիաո» խումբը չի անցել եզրափակիչ: Խումբը հանդես էր եկել 10 համարի տակ, սակայն նրան չի հաջողվել հաղթահարել պատնեշը և դուրս է մնացել մրցույթից:
«Իրիաոն» կատարել է՝ «Քեզ համար» երգը:
Երկրորդ կիսաեզրափակիչ երեկոյին 18 մասնակցից եզրափակիչ են անցել 10-ը: Այդ երկրներն են՝ Սերբիան, Մոլդովան, Հունգարիան, ՈՒկրաինան, Շվեդիան, Ավստրալիան, Նորվեգիան, Դանիան, Սլովենիան և Հոլանդիան:
Եվրատեսիլ երգի մրցույթի թվով 63-րդ համերգի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 8-ին և եզրափակիչ է անցել 10 երկիր՝ Ավստրիան, Էստոնիան, Կիպրոսը, Լիտվան, Իսրայելը, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան:
Կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակիչ է անցնում 10 երկրի ներկայացուցիչ, որտեղ նրանց են միանում մեծ հնգյակի երկրները (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան) և նախորդ տարվա հաղթող երկրի ներկայացուցիչը, այս դեպքում Պորտուգալիան:
Եզրափակչում կարող են քվեարկել բոլոր 43 երկրների ներկայացուցիչները, որոնք մասնակցում են «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթին:
«Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 12-ին: Մրցույթը ուղիղ հեռարձակվելու է առաջին ալիքով, այն մեկնարկելու է ժամը 23:00-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan