Հայկական պատվիրակությունը ծանոթացել է Վրաստանի քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումներին և նախատեսվող նորամուծություններին
Վրաստանի քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու և փորձը կիսելու նպատակով հայկական պատվիրակությունը եռօրյա այցի շրջանակներում եղել է հատուկ քրեակատարողական ծառայությունում։ Պատվիրակության անդամները տեղեկատվություն են ստացել իրականացված նախագծերի և նախատեսվող նորամուծությունների մասին։
ՔԿ-ից հայտնում են, որ Բժշկական վարչության ներկայացուցիչները հյուրերին ներկայացրել են քրեակատարողական հիմնարկների առողջապահական մոդելը, հիվանդների իրավունքների պաշտպանության և քաղաքացիական կլինիկաների հետ համագործակցության սկզբունքները, ինչպես նաև տեղեկատվություն քրեակատարողական համակարգում իրականացվող պետական ծրագրերի մասին։
Նրանց խոսքով, Հայաստանի քրեակատարողական վարչության ներկայացուցիչները հատկապես հետաքրքիր են համարել Վրաստանի քրեակատարողական համակարգի փորձը դատապարտյալների հակատուբերկուլյոզային բուժման, հեպատիտ C-ի վերացման, ինքնասպանությունների կանխարգելման և դատապարտյալների հոգեբուժական բուժման ոլորտում։
Դատապարտյալների վերականգնողական և վերասոցիալականացման վարչության ներկայացուցիչները հայկական պատվիրակության անդամներին ներկայացրել են անչափահասների, դատապարտված կանանց և ցմահ դատապարտյալների վերականգնողական ծրագրերը:
Այցի ընթացքում հյուրերն եղան N8 քրեակատարողական հիմնարկում, որտեղ ծանոթացան դատապարտյալների կենցաղային պայմաններին, հիմնարկի ենթակառուցվածքին, երկարաժամկետ և կարճաժամկետ տեսակցությունների համար նախատեսված տարածքներին։ Պատվիրակության անդամներն այցելել են հաստատությունում գտնվող գրադարան և գյուղատնտեսական ծրագրում ընդգրկված դատապարտյալների համար հատկացված տարածք, որտեղ շահառուները աճեցնում են տարբեր բանջարեղեն և հատապտուղներ:
Մեղադրյալների և դատապարտյալների թիվ 18 բուժհաստատությունում հյուրերը ուսումնասիրեցին բժշկական սարքավորումները և ենթակառուցվածքները, ծանոթացան այն ծառայություններին, որոնք մեղադրյալները/դատապարտյալները կարող են ստանալ հաստատությունում։
Տեղեկությունը տարածում է Հատուկ քրեակատարողական ծառայությունը։