Հայաստանի Սահմանադրական դատարանի պատվիրակությունը պաշտոնական այցով այցելել է Վրաստանի Սահմանադրական դատարան
Պաշտոնական այցով Վրաստանի Սահմանադրական դատարան է այցելել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ դատարանի նախագահ Արման Դիլանյանի, դատավորների և աշխատակազմի կազմով, հայտնում է Վրաստանի Սահմանադրական դատարանը։
Նրանց տվյալներով՝ այցի նպատակը երկկողմ համագործակցության խորացումն ու փորձի փոխանակումն էր։
«Վրաստանի սահմանադրական դատարանի դատավորներն աշխատանքային հանդիպում են անցկացրել պատվիրակության անդամների հետ։ Քննարկման թեման երկու երկրների սահմանադրական վերահսկողության համակարգի գործունեության, ինչպես նաև դատավարության իրականացման գործնական ասպեկտներն էին, այդ թվում՝ սահմանադրական ներկայացման ընթացակարգը և սահմանադրական և ընդհանուր դատարանների միջև ինստիտուցիոնալ երկխոսության առկայությունը, ինչպես նաև սահմանադրական դատարանների վերջին նախադեպային պրակտիկայի վերանայում։
Այցի շրջանակներում Հայաստանի սահմանադրական դատարանի պատվիրակության անդամների հետ հանդիպել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն, որի ընթացքում կողմերը նշել են սերտ համագործակցությունը Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տարբեր ոլորտներում։
Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակության անդամներին այցի համար։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ երկխոսությունը և հետագա աշխատանքային հանդիպումներ անցկացնել»,- ասված է Սահմանադրական դատարանի տարածած տեղեկատվության մեջ։