Հայաստանի ոստիկանության պետը պաշտոնական այցով ժամանել է Վրաստանի ՆԳՆ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը պատվիրակության հետ միասին պաշտոնական այցով ժամանել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն:
Վալերի Օսիպյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը: Նախարարը գործընկերոջը ծանոթացրել է նախարարությունում իրականացված և ընթացիկ բարեփոխումների հետ:
«Կազմակերպված հանցանքն այն մարտահրավերն է, որի շուրջ մենք այսօր զրուցեցինք: Չնայած խոչընդոտների, որոնք հատկապես ունենք սահմանամերձ գոտիներում, արդեն ունենք կոնկրետ ծրագիր, որ մեր քաղաքացիները իրենց զգան անվտանգ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Այցի շրջանակներում հյուրերն ուսումնասիրել են ներքին գործերի նախարարության համատեղ գործողությունների կենտրոնը, ծառայությունների գործակալությունը և պարեկային ոստիկանության դեպարտամենտի միասնական ծառայության կենտրոնը: Նախատեսված է այցելություն «112» և Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի շրջանային վարչություն: Պատվիրակության անդամները ծանոթանալու են նշված ստորաբաժանման աշխատանքային յուրահատկություններին:
«Մեր երկրում այժմ ընթանում է ոստիկանության բարեփոխում և հետաքրքրվել ենք Վրաստանի պարեկային ծառայության գործունեությամբ: Ցանկանում ենք Վրաստանի պարեկային ծառայության մոդելը կիրառել մեր երկրում: Իմ տեղակալը մի քանի ամիս առաջ այցելել էր Վրաստան և արդեն ակտիվ աշխատանքներ են ընթանում պարեկային անցակետի ծառայության և ճանապարհային ոստիկանության միավորման շուրջ: 2019 թվականին Հայաստանում արդեն ձևավորված կլինի նոր պարեկային ծառայություն»,- հայտարարել է Վալերի Օսիպյանը:
Հայաստանի պատվիրակությունը Վրաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: