Հայաստանի ներքին գործերի նախարարը Բաթումիում ներկա է գտնվել ցուցադրական փրկարարական գործողությանը
Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկա են գտնվել Բաթումիում անցկացված ցուցադրական փրկարարական գործողությանը: Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ միջոցառման շրջանակներում հյուրերին ներկայացվել են ծովում տեղի ունեցած միջադեպերին արագ արձագանքման, տարբեր ստորաբաժանումների կոորդինացված գործողությունների և փրկարարական միջոցառումների արդյունավետ իրականացման հնարավորությունները:
«Ցուցադրական գործողությանը մասնակցում էին Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության ափամերձ պահպանության դեպարտամենտի, հատուկ նշանակության ավիացիայի դեպարտամենտի և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները:
Միջոցառման շրջանակներում կիրառվել են տարբեր տեսակի լողամիջոցներ, անօդաչու թռչող սարք և սահմանապահ ոստիկանության ուղղաթիռ:
Գործողությանը ներկա էին նաև ներքին գործերի նախարարի տեղակալները և նախարարության տարբեր դեպարտամենտների ղեկավար անձինք», – նշված է տեղեկատվության մեջ: