Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը աջակցել է Նիկոլ Փաշինյանի կարծիքին՝ իշխանափոխության դեպքում հնարավոր պատերազմի մասին
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը աջակցել է Նիկոլ Փաշինյանի այն տեսակետին, որ իշխանափոխության դեպքում կարող է պատերազմ սկսվել։
Ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրել է ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ եթե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողանա սահմանադրական մեծամասնություն ստանալ առաջիկա ընտրություններում, սեպտեմբերին կսկսվի աղետալի պատերազմ։
Այնուհետև նա հարցրել է. «Արդյո՞ք այս հայտարարությունն ԱՀԾ-ի որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե՞ տեղյակ չեն եղել այդ հայտարարությունից, եթե ոչ՝ արդյո՞ք փորձել են հասկանալ, թե ինչ հիմքով է նման հայտարարություն արվել, փորձե՞լ են օպերատիվ-հետախուզական որոշակի տվյալներ ստանալ նման հայտարարությունը ճշտելու կամ փաստն արձանագրելու համար, ո՞րն է այն երկիրը, որ պետք է պատերազմ սկսի մեր դեմ»։
Ի պատասխան՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը փորձել է բացատրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Եթե նախընտրական փուլում քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի ասածն այս տրամաբանությունն ունի», – ասել է Գրիգորյանը։
Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարին լսելուց հետո Կյուրեղյանը հայտնեց իր կարծիքն ու դիտողությունները։
«Փաստվեց, որ ծառայությունը որևէ նման տվյալ չունի, ընդամենը վարչապետի քաղաքական հայտարարություն էր։ Մենք գիտենք, որ հայտարարությունն արվում են այն պահին այնպես, ինչպես իրենց ձեռք է տալիս և դա որևէ տրամաբանական հիմք չունի», – նշեց ընդդիմադիր պատգամավորը։