Հայաստանի ԱԳՆ. Մենք վշտացած ենք Բաթումիում շենքի փլուզման համար, Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է Բաթումիում տեղի ունեցած ողբերգությանը:
«Մենք վշտացած ենք Բաթումիում բնակելի շենքի փլուզման պատճառով: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում: Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, որը տեղադրված է «Twitter»-ի իր էջում:
Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով վեց մարդ է մահացել: Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 5 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:
Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:
Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են եւս երեք մարդու:
Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում:
Վարչապետի որոշմամբ, հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: