Հայալեզու դպրոցների ուսուցիչներն այս տարի առաջին անգամ քննություն հանձնելու և իրենց կարգավիճակը բարձրացնելու հնարավորություն են ստացել
Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ՝ ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչներն այս տարի առաջին անգամ քննություն կհանձնեն մայրենի լեզվից։
Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլին և Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգոձեն 39-րդ հանրակրթական դպրոցում բացված քննական կենտրոնում ծանոթացել են հայալեզու ուսուցիչների քննությունների ընթացքին և մաղթեց հաջողությամբ հանձնել քննությունը։
Թամար Մախարաշվիլին շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին որակավորումը բարձրացնելու նպատակով քննություններին ակտիվորեն մասնակցելու համար և նշել, որ նախարարությունը կիրականացնի բազմաթիվ այլ ծրագրեր ուսուցիչներին աջակցելու համար։ Նախարարի առաջին տեղակալը ևս մեկ անգամ մատնանշեց, որ քննությունը հաջողությամբ հանձնելը ոչ միայն կօգնի իրենց կարգավիճակ ձեռք բերել, այլ ինքնաբերաբար կազդի նրանց ֆինանսական վիճակի վրա։
Այս տարի քննական կենտրոններում հայոց լեզու է դասավանդում շուրջ 470 ուսուցիչ։ Դիմորդը քննությունը հաջողությամբ հանձնած կհամարվի, եթե նա հավաքի առավելագույն միավորի (70 միավոր) 60 տոկոսից ավելին (43 միավոր):
«Ոչ վրացալեզու հանրակրթական ուսումնական հաստատությունների/ոլորտների ուսուցիչների առաջխաղացման նպատակով Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն իրականացրել է կարևորագույն աշխատանքներ։ Մասնավորապես, Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը պատրաստել է հայերեն և ադրբեջաներեն թեստեր, իսկ Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը մշակել է ուսուցիչների քննությունների վերապատրաստման մոդուլներ: Վերապատրաստման մոդուլների շրջանակներում ուսուցիչներին հնարավորություն է տրվել ծանոթանալու ադրբեջաներեն/հայերեն առարկայի քննության կառուցվածքին և տեխնիկային, մոբիլիզացնել ադրբեջաներեն/հայերեն լեզվի դասավանդման համար անհրաժեշտ առարկայական և մեթոդական գիտելիքները և ծանոթանալ ազգային ուսումնական ծրագրով նախատեսված փոքրամասնությունների լեզուների չափորոշիչներին։
Հիշեցնենք, որ հայերեն և ադրբեջաներեն լեզուների ուսուցիչները մինչ այժմ հնարավորություն չեն ունեցել հանձնելու իրենց մայրենի լեզվի քննությունը, ինչը նրանց անհավասար դրության մեջ է դրել վրացալեզու դպրոցների ուսուցիչների հետ։ Նախարարության ջանքերով նշված հարցն ամբողջությամբ կարգավորվել է։ Արդյունքում առարկան հանձնած ոչ վրացալեզու ուսուցիչները կփոխեն իրենց կարգավիճակը, ինչն ուղղակիորեն կանդրադառնա նրանց աշխատավարձերի վրա»,- ասված է Կրթության նախարարության տեղեկատվության մեջ։